Այսօր լրանում է 18 տարին այն օրվանից, երբ ադրբեջանցին Բուդապեշտում գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Դա տեղի ունեցավ հայատյացության հիման վրա, որն Ադրբեջանում դասվել է պետական քաղաքականության շարքին։ Սրանով են դաստիարակվում ամբողջ սերունդներ։ Այս մասին փետրվարի 19-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Ադրբեջանում նոր սաֆարովներ են դաստիարակում, որոնք պատրաստ կլինեն հայոց ցեղասպանություն իրականացնել։ Սա տարածաշրջանային անվտանգության խնդիր է։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։ Մենք գործ ունենք մի սերնդի հետ, որը դաստիարակվել է հայերի հանդեպ ատելության հիման վրա։ Ինչպես են Հայաստանի իշխանությունները խաղաղություն հաստատելու այն մարդկանց հետ, որոնց իդեալը սաֆարովն է։ Մենք խաղաղության կողմնակից ենք, դեմ ենք ատելությանը, բայց խաղաղության կեղծ քարոզչությունը հանգեցնում է մեր զգոնության կորստի, մինչդեռ Ադրբեջանում պահպանվում են հին մոտեցումները»,- ընդգծեց նա։

Մելքոնյանը նկատեց, որ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները հայերին պարտադրում են հետեւյալ օրակարգը՝ հայ հասարակությունը չի գնում ռեւանշի, Հայաստանում եւ սփյուռքում հայերը ճանաչում են պատերազմում պարտությունը, դառնում են խաղաղության կողմնակից, կարեւորում են առեւտուրը, բաց սահմանները, լավ հարաբերությունները։

«Նրանց նյութերում այլ կարծիք չկա։ Չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում 44-օրյա պատերազմի ողբերգության ու դրա հետեւանքների մասին։ Նույնը վերաբերում է Երեւան-Ստամբուլ չվերթի բացման լուսաբանմանը։ Այսինքն՝ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են հայերին ներկայացնել որպես հպարտությունից զուրկ ժողովուրդ։ Բայց դա այդպես չէ, եւ հայերը դա կապացուցեն»,- հավելեց փորձագետը։

Մելքոնյանը խնդրեց հիշել, թե ով էր կոչ անում 2008թ․ մարտի 1-ին մաքրել Երեւանը ղարաբաղցիներից։