Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զալկալիանին համերաշխություն եւ լիարժեք աջակցություն է հայտնել Ուկրաինային այս դժվարին եւ ճգնաժամային շրջանում: Ընդգծվել է ապաէսկալացիան ապահովելու համար միջազգային հանրության աջակցության եւ կոնսոլիդացիայի կարեւորությունը:

Նախարարները նաեւ շեշտել են անվտանգության շուրջ շարունակական երկխոսության ընթացքում միջազգային գործընկերների միասնական դիրքորոշման կարեւորություն:

«Ուկրաինայի ԱԳ նախարարն իր երախտիքն է հայտնել Վրաստանին եւ վրաց ժողովրդին Ուկրաինայի հետ համերաշխության եւ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու համար, որոնք ձախողում են ռուս-ուկրաինական զինված հակամարտության դիվանագիտական կարգավորումը»,-տեղեկացնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն:

Միեւնույն ժամանակ, ուկրաինական կողմի հաղորդմամբ, Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի նախկին նախագահ, կալանքում գտնվող Միխայիլ Սաակաշվիլիի հարցը, որն Ուկրաինայի քաղաքացի է: Կուլեբան խոսել է քաղաքական գործչի օրինական իրավունքներն ու շահերն իրացնելու կարեւորության մասին:

Բանակցությունների մյուս թեմաների շրջանակում քննարվել են Ուկրաինայի ու Վրաստանի հարաբերությունները, առաջիկա քաղաքական շփումների գրաֆիկը, մասնավորապես՝ Կիեւում եւ Թբիլիսիում ԱԳ փոխնախարարների մակարդակում քաղաքական խորհրդակցությունների անցկացումը: Կողմերը հատուկ ուշադրության են արժանացրել Ուկրաինա, Մոլդովա եւ Վրաստան «Ասոցացված եռյակի» շրջանակում փոխգործակցության ակտիվացմանը:

«Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմանի, այնպես էլ տարբեր միջազգային ձեւաչափերով արդի մարտահրավերները լուծելու համար»,-ընդգծել են Վրաստանի ԱԳՆ-ում: