Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն բացահայտել է խմբերը, որոնք օտարերկրյա համակարգողների ղեկավարության ներքո նախապատրաստել են սահմանադրական հանրաքվեի տապալումը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում անելով ՊԱԿ Քննչական վարչության ղեկավար Կոնստանտին Բիչեկին:

Հաղորդվում է, որ մարդիկ, որոնք հրահանգներ են ստացել արտերկրից, կոչ են արել խոտանել քվեաթերթիկները, վախեցնել ընտրական հանձնաժողովների անդամներին ու սպառնալ նրանց: «Նամակներում, որոնք նրանք ուղարկել են միլիցիոներների եւ դատավորների անունից, կան ուղիղ սպառնալիքներ եւ տեղեկություններ այն մասին, որ նրանց հասցեները հայտնի են: Արտերկրից գործող ղեկավարները հայտնի են, համակարգողներն ու շարքային կատարողները բերման են ենթարկվել Բելառուսում»:

«Պետական անվտանգության կոմիտեն շարունակում է անձանց հակաիրավական գործունեությունը կասեցնելու միջոցառումները, որոնք ձեռնարկել են հանրաքվեի անցկացման ժամանակ ընտրահանձնաժողովների անդամների վրա հակաօրինական ազդեցություն ցուցաբերելու փորձեր: Հանրաքվեի տապալմանը, Բելառուսի Հանրապետության քաղաքացիների՝ պետական ու հասարակական կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքի իրացումը խոչընդոտելուն ուղղված գործողությունները ծանր հանցագործություն են եւ ծայրահեղականության դրսեւորում»,-ասել է Կոնստանտին Բիչեկը՝ հավելելով, որ ՊԱԿ-ին հայտնի են հանցավոր գործողությունների բոլոր պատվիրատուները, կազմակերպիչները, կատարողները, համակարգողներն ու հովանավորները: