Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար ռիսկային երկիր մնալ` աշխատանքի ապօրինի կազմակերպման հետ կապված հանցագործությունների առումով: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին հայտարարել է ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը: Նշենք, որ այս հանգամանքը նորություն չէ, այն նշվում է բոլոր զեկույցներում եւ երկրի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է:

Տիգրան Պետրոսյանի խոսքով, աշխատանքային պայմանավորվածությունների ոչ բոլոր խախտումների դեպքում կարելի է խոսել թրաֆիքինգի մասին: «Այո, թրաֆիքինգի դեպքեր կան. Այս պահին ունենք մեկ նման դեպք, բայց միշտ չէ, որ խոսքը գնում է թրաֆիքինգի մասին»,- ասաց նա:

Շատ հաճախ, իսկապես, տարբեր իրավախախտումներ են տեղի ունենում, սակայն որպեսզի դրանք որակվեն որպես թրաֆիքինգ կամ շահագործում, անհրաժեշտ է առնվազն պարտադրանքի առկայության: Լինում են դեպքեր, երբ աշխատանքի նախնական պայմանավորվածության խախտումը վերաբերում է գրանցման հարցը չլուծելուն կամ աշխատանքի ավարտից հետո պայմանավորված գումարը չտալուն: Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ աշխատանքի դիմաց գումարը չեն վճարում, դա բացատրելով կատարված աշխատանքի ոչ լիարժեք եւ ոչ որակով լինելով: Որպես նմանատիպ խախտումների կանխարգելող միջոցառում, ոստիկանությունը կարեւոր է համարում անօրինական միգրացիայի վերացումը: