Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են հնարավորինս արդար, անարդարությունը լինելու է փողի օգտագործման դեպքում, շատ բան կախված է լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, ՀԴԿ-ն մասնակցելու է ընտրություններին, բայց թե ինչ ձեւաչափով` կորոշեն ապագայում:

Նրանք արդեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին եւ կհամագործակեն բոլոր այն ուժերի հետ, ովքեր դեմոկրատական սոցիալիզմի գաղափարախոսության կրողն են:

Ինչ վերաբերում է Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանի եւ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ համագործակցությանը, Արամ Սարգսյանը նշեց, որ շատ հնարավոր է, որ այդ համագործակցությունը դառնա այն հիմքը, որը ձեւավորի նախընտրական բլոկ: «Մենք դա չենք բացառում եւ չենք էլ թաքցնում»,- ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 9-ին Կառավարության նիստերի դահլիճում ՀԴԿ-ի եւ Հնչակյան կուսակցության նախաձեռնությամբ կայացել է համաժողով, որին մասնակցել է 6-7 կուսակցություն, ադ թվում` ՀՅԴ-ն:

Համաժողովի ժամանակ ի հայտ են բերել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը` հասարակությանը ներկայացնելով մի շարք հարցեր` ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, վարկային քաղաքականություն եւ ընդերքի օգտագործման հնարավորությունները, ցույց տալով, թե իրենք ինչպիսի մոտեցումներ ունեն եւ ինչ կանեին, եթե կառավարեին:

Արամ Սարգսյանը նշեց, որ սկսում են դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման համար ժողովրդական շարժումը: Առաջիկայում կլինի կուսակցությունների վարչությունների նիստ, որտեղ կամփոփեն համաժողովի արդյունքները եւ կնախանշեն այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն` շարժմանը մեծ թափ հաղորդելու համար: Նրանք պատրաստվում են բոլոր առաջարկությունները ներկայացնել Կառավարությանը: