Իշխանությունների եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, շարունակություն կունենա։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, իշխանությունների կողմից երկխոսության համար ստեղծված աշխատանքային խմբի անդամ Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով, ՀԱԿ-ի հետ առաջին իսկ հանդիպմանը նմանօրինակ նախադրյալներ երեւում էին, քանի որ «կոնգրեսականնները» խոսում էին ոչ թե վերջնագրի, այլ քաղաքակիրթ լեզվով:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից իշխանություններին տրված սեպտեմբերյան «դեդլայնին» (վերջնաժամկետ), ապա պատգամավորի կարծիքով, եթե ընդդիմությունը հավաստիանա, որ իշխանությունները մինչեւ սեպտեմբեր իր կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկի, ժամկետների հարցն ինքնստինքյան կվերանա։
Բոստանջյանի խոսքով, կայանալիք բանակցությունների օրակարգ կներառվեն ամենատարբեր հարցեր՝ պայքար կոռուպցիայի, արտագաղթի, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ։ Նա նաեւ չբացառեց, որ որոշակի պահի երկխոսությունը կշարունակվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ։
Բոստանջյանը չբացառեց նաեւ, որ իշխանությունները ՀԱԿ-ի հանդեպ զիջումների կգնան եւ Հանրային ալիքով կեսժամյա ուղիղ եթե կտրամադրեն նրան։ «Ի՞նչ կա դրա մեջ, դա մանրուք է, եւ ինչո՞ւ իշխանությունները չգնան դրան»,- ասաց պատգամավորը։




























