Միացյալ ուժերի օպերացիայի շտաբը հերքել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Դոնբասի վրա։ Այս մասին ասվում է շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները գտնվում են իրենց դիրքերում եւ հարձակողական գործողություններ չեն իրականացնում տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։     

Շտաբը հերքում է նաեւ Ռոստովի մարզում ռուսական սահմանային անցակետի գնդակոծման մասին տեղեկությունները։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Միացյալ ուժերի հրետանային ստորաբաժանումները գտնվում են իրենց դիրքերում եւ կատարում են Մինսկի պայմանավորվածությունները եւ հարձակողական գործողություններ չեն իրականացնում։ Զավթիչներն իրենք են խարխլում ենթակառուցվածքային օբյեկտները եւ քաոսային գնդակոծություն իրականացնում բնակավայրերի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Միեւնույն ժամանակ, Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուս զինվորականներն ու սահմանապահները կանխել են մի խումբ դիվերսանտների կողմից պետական սահմանի հատումը։ 

«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ջոկատի հետ միասին կանխել է Ռուսաստանի պետական ​​սահմանի հատումը դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Ուկրաինայի տարածքից»,- նշել է ՀՌՕ-ն։

Գերատեսչությունում հավելել են, որ փոխհրաձգության ժամանակ ՌԴ տարածք են մտել Ուկրաինայի զինված ուժերի երկու հետեւակի մարտական մեքենաներ՝ դիվերսանտներին տարհանելու համար։ 

Խմբի հինգ անդամներ ոչնչացվել են, ռուս զինվորականների շրջանում տուժածներ չկան։