Հայաստանի քաղաքացիները գազասպասարկման համար պետք է տարեկան վճարեն` 1 գազօգտագործման սարք ունենալու դեպքում` 2400 դրամ, երկուսի դեպքում`5700 դրամ, երեքի դեպքում` 6900 դրամ:

Հիշեցնելով այդ մասին` անկախ փորձագետ Նվեր Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գազասպասարկման ոլորտում ձեւավորվել է մենաշնորհ, իսկ սպասարկման վարձը թույլ է տալիս մենաշնորհային «ԷՅ Ի ՋԻ» ընկերությանը գերշահույթներ ունենալ: Նրա կարծիքով` ընկերությունը, սպասարկելով 615 հազ. բաժանորդի,  աշխատում է մոտ 10 տոկոս շահութաբերությամբ եւ կատարում է չհիմնավորված ծախսեր: Այսպես` միայն բլանկների վրա «ԷՅ Ի ՋԻ»-ն մի քանի անգամ ավելի գումար է ծախսում, քան պետական խոշոր գերատեսչությունները: Ն. Սարգսյանը նշեց նաեւ, որ ընկերության հիմնական ծախսը ձեւավորվում է փականագործների աշխատավարձի մասով, սակայն վերջին շրջանում տնային այցեր իրականացնող փականագործները նվազեցրել են եւ այցերի պարբերականությունը, եւ այցի տեւողությունը:

Այսպես` եթե բնակարանում առկա է գազօգտագործման 2 սարք (օրինակ` գազօջախ եւ ջեռուցման մարտկոց), ապա ըստ տեխնիկական նորմերի` այցը պետք է իրականացնեն 3 փականագործներ, սակայն յուրաքանչյուր քաղաքացի կարող է վկայել, որ մեկից ավելի փականագործ չի այցելում:

Ի պատասխան Նվեր Սարգսյանի քննադատության` «ԷՅ Ի ՋԻ» ընկերության տնօրեն Աշոտ Հովսեփյանն ասաց, որ ընկերության աշխատանքի շնորհիվ հանրապետությունում նվազել է տեխնոգեն աղետների ռիսկը: «ԷՅ Ի ՋԻ»-ն գազօգտագործման համակարգի սպասարկումը ստանձնել է 2005 թ.` հաղթելով մրցույթում: Այս տարիներին ընկերությունն իրականացրել է 500 մլն դրամի ներդրում, որը թույլ է տալիս փականագործին` նվազեցնել ստուգման տեւողությունը: Ըստ Հովսեփյանի` հանրապետությունում 1 բաժանորդին բաժին է ընկնում 2.2 գազի սարք, ինչը 3 անգամ գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը: Նրա տեղեկացմամբ` մինչ  «ԷՅ Ի ՋԻ»-ի կողմից համակարգի սպասարկումը, հանրապետությունում գործում էին մի քանի տասնյակ նմանատիպ կազմակերպություններ, որոնք ի զորու չէին սպասարկման որակ ապահովել: