Հանուն Լեռնային Ղարաբաղի Հայաստանում պետք է արտահերթ ընտրություներ անցկացնել։ Այս մասին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հայտարարեց հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ճիշտ է, կան պահեր, երբ ինչ-ինչ գործողություններով չպետք է խանգարել ղարաբաղյան խնդրին, բայց միաժամանակ հանուն Ղարաբաղի պետք է գնալ արտահերթ ընտրություների»,- կրկին ընդգծեց Այվազյանը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության լուծման ճանապարհին Հայաստանի կողմից հնարավոր զիջումներին՝ նա նկատեց, որ ինքը դեմ է որեւէ կարգի զիջման։ «Ես միշտ ասել եմ. անկախ նրանից, թե այս առումով ինչ տեսակետ կունենան Հայ ազգային կոնգրեսը, իշխանությունը կամ քաղաքական դաշտի մյուս կուսակցությունները, ես միշտ դեմ եմ զիջումներին»,- շեշտեց Այվազյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամն այդ փորձերը խայտառակ եւ ձախողված որակեց։
Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։
Դրանից հետո բանակցությունները թուրքական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով մտել էին փակուղի:



























