Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2009-2010 թթ. կենսաթոշակների անհիմն վճարումներ են կատարվել 475 մահացած կենսաթոշակառուների եւ անհայտ անձանց: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ստուգումներն իրականացրել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը:
Անհիմն վճարումներ են կատարվել նաեւ կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերի քննության վարչությունը: