Հայաստանյան կազմակերպությունները կհամագործակցեն հակակարկտային կայանների արտադրությամբ զբաղվող ռուսական ընկերությունների հետ:

Այս մասին այսօր` հուլիսի 22-ին նշվել է Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ՌԴ  աերոտիեզերական տեխնոլոգիաների եւ մոնիտորինգի ինստիտուտի տնօրեն, «ՌԴ պետական աերոտիեզերք» կազմակերպության փոխտնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, գեներալ-մայոր Միխայիլ Շահմուրադյանի հանդիպման ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շահմուրադյանի Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի ավիացիոն ծառայությունների հետ կքննարկվի օդային հաղորդակցության համար կարեւոր ամպամածության ներքին սահմանի բարձրացման  հարցերում հնարավոր գործակցությունը:

Ներկայացվել է նաեւ ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ էլեկտրահաղորդիչ ցանցերի արդիականացման եւ առկա ցանցերի միջոցով մեծ էներգետիկ հզորություններ փոխանցելու ոլորտում համագործակցության հնարավորությունը:

Փոխվարչապետն առաջարկել է համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ներկայացվող առաջարկությունները, ուսումնասիրել  դրանք Հայաստանում կիրառելու եւ համագործակցության առավել արդյունավետ տարբերակներ հայտնաբերելու հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների  նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ: