Փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 304 մարդ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի Ժնեւում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանին՝ նա նշել է. «Հինգշաբթի առավոտից մինչեւ երեկ երեկո ընկած ժամանակահատվածում մեր գրասենյակը 406 քաղաքացիական զոհ, այդ թվում՝ 102 սպանված, որոնց թվում յոթ երեխա կա, եւ 304 վիրավոր է գրանցել։  Վախենամ՝ իրական թվերը շատ ավելին են», - ասել է գերագույն հանձնակատարը:

Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, հայտնել է Բաչելետը, 22.000 մարդ լքել է Ուկրաինան եւ «շատ ավելի մեծ թվով մարդիկ» ներքին տեղահանվածներ են դարձել: