ԱՄՆ-ը ՄԱԿ-ի 12 ռուս դիվանագետների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել, նրանց կարգադրվել է մինչեւ մարտի 7-ը լքել երկիրը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները հերթական թշնամական միջոց են ձեռնարկել ՄԱԿ-ում ռուսական առաքելության դեմ՝ կոպտորեն խախտելով ընդունող կողմի իրենց պարտավորությունները։

«Նրանք «պերսոնա նոն գրատա» են հայտարարել ռուսական առաքելության աշխատակիցներից 12 հոգու եւ պահանջել, որ նրանք մինչեւ մարտի 7-ը լքեն երկիրը»։ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը դիվանագետ աշխատակիցների մասին է։

Մեկնաբանելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլզի հայտարարությունները՝ Նեբենզյան ասել է, որ Ռուսաստանին չեն բավարարում դիվանագետների արտաքսման հիմնավորումների վերաբերյալ ԱՄՆ-ի բացատրությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ ներկայացուցիչը պնդել է, որ «որոշումը, որի մասին Միացյալ Նահանգների կառավարությունն այսօր տեղեկացրել է Ռուսաստանի ներկայացուցչությանը [ՄԱԿ-ում], ընդունվել է կենտրոնական գրասենյակի մասին ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի ստորագրած համաձայնագրին համապատասխան»։ «Դիվանագետները, որոնց կարգադրվել է հեռանալ Միացյալ Նահանգներից, իրականացնում էին իրենց պատասխանատվության շրջանակից դուրս եւ դիվանագետի իրենց պարտականություններին չհամապատասխանող գործունեություն»,- պնդում է Միլզը:

«Այն բացատրությունները, որոնք տվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը, մեզ չեն բավարարում»,- ընդգծել է Նեբենզյան։ «Վստահ եմ, որ պատասխան կլինի, քանի որ այդպիսին է դիվանագիտական պրակտիկան։ Սա մեր ընտրությունը չէ, մենք չենք այն սկսել»,- ասել է Նեբենզյան։