NEWS.am«Ու՞մ կարող է դիմել սպառողը, եթե գնված ապրանքը չեն փոխանակում կամ հետ չեն վերցնում» նյութի հրապարակումից հետո  NEWS.am-ի թղթակիցն այցելել է Երեւանում գործող մի շարք էլիտար խանութներ եւ պարզել այնտեղ գործող օրենքները: Էլիտար խանութներ այցելությունն իսկական գլխացավանք դարձավ մեզ համար: Խանութների աշխատակիցները, մեղմ ասած, լսել անգամ չեն ուզում լրատվամիջոցների եւ լրագրողների մասին, իսկ ձայնագրիչը եւ լուսանկարչական ապարատը հավասար են անեծքի, դրանից առավել սարսափելի բան նրանց համար չկա: Օրինակ` Աբովյան փողոցի վրա գտնվող «Տերանովա»  խանութի մենեջերը նշեց, որ իրավունք չունենք իրեն ձայնագրելու, դա իր իրավունքների խախտում է, եւ եթե ձայնագրենք, նա չի խոսի մեզ հետ: Մենեջերը, ով ոչ մի կերպ չցանկացավ ներկայանալ, հունից դուրս եկավ, երբ մենք իմացավ, որ նկարել ենք խանութում դրված պաստառը, որում գրված էր, որ ապրանքը հետ է ընդունվում կամ փոխանակում նույն կամ հաջորդ օրը մինչեւ ժամը 15:00-ն, իսկ զեղչված ապրանքը ենթակա չէ վերադարձման:

«Սա մասնավոր սեփականություն է, դուք իրավունք չունեք, ես կստիպեմ, որ դուք ջնջեք ձեր արած նկարները»,- սպառնաց նա: Բայց մենեջերը հաշվի չէր առել, որ խանութը նաեւ հանրային տարածք է, իսկ իրենց «ափաշկարա» դրված պաստառը առնչվում է հանրության շահերին, ավելի ճիշտ` սպառողների իրավունքների խախտմանը: Այնուհանդերձ, անբարեհամբույր մենեջերը մեզ վստահեցրեց, որ իրենք մոտ մեկ շաբաթ են տալիս ապրանքը հետ վերցնելու եւ փոխանակելու համար, բացի կոշիկից եւ ներքնազգեստից: Իսկ, թե ինչո՞ւ է դրամարկղում փակցված պաստառում գրած, որ ապրանքը փոխանակվում եւ վերադարձվում  է նույն կամ հաջորդ օրը, նա նշեց, որ դա բացման օրվանից այդտեղ է եւ դա իրենց «հին օրենքն էր»: Երբ մեջբերեցինք Հայաստանի օրենքը, նա նշեց. «Իսկ ո՞ր խանութում է դա գործում»:

«Պաոլլի» կոշիկի խանութի մենեջերը առանց որեւէ պատճառաբանությամբ  հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: «Պունտո Զառա» խանութում եւս չպատասխանեցին մեր հարցերին, տնօրենը տեղում չէր, բայց խանութի դրամարկղի մոտ փակցված էր «էլիտար» պաստառը` «Գնված ապրանքը հետ չի վերցվում եւ փոխանակվում է մեկ օրվա ընթացքում»:

Երեւանի «էլիտար» խանութներում հնարավո՞ր է ապրանքը փոխանակել եւ վերադարձնել 14 օրվա ընթացքում

Շատերին է բախտ վիճակվել առնչվել մեր էլիտար խանութներում գործող օրենքներին, որոնք որեւէ կապ չունեն Հայաստանում գործող իրավական ակտերի հետ: Բայց ահա մի բան  է սեփական մաշկիդ վրա զգալը, մեկ այլ բան է` «դեպքի վայրում բռնացնելը»: Բանն այն է, որ երբ երեւանյան խանութների մենեջերները լրագրողի անուն են լսում եւ նաեւ տեղեկանում զրույցի թեմայի մասին` ապրանքի փոխանակում եւ վերադարձ, միանգամից հայտարարում են` «Մեզ մոտ ամեն ինչ ըստ օրենքի է»: Այդպես եղավ հենց «Աբովյան» փողոցի վրա գտնվող «Ռոբերտո» խանութ սրահում, որի մենեջերը` Հայկ անունով մի տղա, անընդհատ կրկնում էր` «Մեզ մոտ ամեն ինչ ըստ օրենքի է»: Իսկ երբ խնդրեցինք նրան մեջբերել օրենքից մեկ տող, զարմացավ` հարցնելով` իսկ դուք չգիտե՞ք: Մենեջեր Հայկն այդպես էլ չհիշեց ոչ օրենքից մի կետ, ոչ էլ «Ռոբերտո» խանութում ապրանքի վերադարձի որեւէ դեպք: «Մարդիկ ուրախ-ուրախ առնում են եւ գնում, հետ չեն բերում»,- ասաց  Հայկը: «Մերի» օծանելիքի խանութի տնօրեն Արթուրը եւս մեզ վստահեցրեց, որ իրենց մոտ ապրանքը հետ են վերցնում եւ փոխանակում ֆիքսված օրերի ընթացքում: Մեր այցելած խանութներից, Next, «Մանգո» եւ «Դեբենհամս» խանութներում, ըստ այդտեղի աշխատակիցների, հնարավոր է ապրանքը փոխանակել եւ վերադարձնել 14 օրվա ընթացքում, եթե այն վնասված չէ եւ առկա է կտրոնը: «Դեբենհամս» խանութի ղեկավարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հիգիենայի պահանջներից ելնելով` ներքնազգեստը ոչ փոխանակում են, ոչ վերադարձնում, այդ մասին տեղյակ են պահում նաեւ հաճախորդներին: Նրանց խոսքով`մեկ օրվա ընթացքում «Դեբենհամսում»  մոտ 50 ապրանք է վերադարձվում:

Սեփական օրենքները ունեցող եւ այդ մասին բարձրաձայնող խանութները

Օրենքին հղում անող եւ իրենց վստահեցմամբ` օրենքով շարժվող խանութների կողքին կան նաեւ այնպիսիք, ովքեր այդպես չեն շարժվում եւ չեն թաքցնում դա: «Բրավո» խանութի մենեջեր Լուսինեն մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ապրանքը հետ չեն վերցնում, իսկ փոխանակում են մեկ օրվա ընթացքում: «Սվարովսկի» խանութի աշխատակից Մարիամը նշեց, որ իրենց խանութում գնված ապրանքը հետ չեն վերցնում, օրինակ` ականջօղերը ընդհանրապես չեն էլ փոխանակում, իսկ  մատանիները` մի քանի օրվա ընթացքում հնարավոր է փոխանակել, եթե առկա է չափերի խնդիր: «Մեքս» խանութի գանձապահ Քրիստինեն նշեց, որ իրենց մոտ ապրանքը փոխանակում են 14 օրվա ընթացքում եւ հետ են վերցնում երկու օրում: «Արսաթ» հագուստի խանութը եւս այն խանութներից է, որտեղ գործում են սեփական օրենքները: Խանութի վաճառողուհի Ռուզանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ հնարավոր է ապրանքը փոխանակել կամ վերադարձնել, եթե առկա է նախնական պայմանավորվածություն եւ միայն ապրանքը գնելու օրվանից մինչեւ հաջորդ օրը: Իսկ երբ նշեցինք, որ օրենքը նախատեսում է ոչ պարենային ապրանքի փոխանակման եւ վերադարձի 14-օրյա կարգ, վաճառողուհին պատասխանեց. «Միգուցե սահմանված է, բայց կոնկրետ մենք շատ վնասներ կրեցինք այդ դեպքում, տանում են, փչացնում են, էդ քանի օրվա ընթացքում հագնում են, չեք պատկերացնում, թե շորերի վիճակը ինչ է լինում»,- նշեց նա:

Նշենք, որ ոչ պարենային ապրանքի փոխանակման եւ վերադարձի հետ կապված հարցերը կարգավորվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով, մասնավորապես հոդված 16 եւ 23, ինչպես նաեւ «Քաղաքացիական օրենսգրքի» հոդված 517-ով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում հստակ նշված է պատշաճ եւ թերություն ունեցող ապրանքների վերադարձման կարգը. «Կարեւոր է այն, որ նույնիսկ եթե ապրանքը չունի թերություն, բայց ինչ-ինչ պատճառով սպառողը փոշմանել է, ապա կարող է վերադարձնել եւ խանութն էլ պարտավոր է հետ վերցնել»,- նշել էր Արմեն Պողոսյանը` հավելելով, որ նման հոդված կա նաեւ Քաղաքացիական օրենսգրքում: Սպառողը կարող է դիմել 14 օրյա ժամկետում բանավոր կամ գրավոր կարգով: Արմեն Պողոսյանի խոսքով` եթե գնված ոչ պարենային ապրանքը խանութը չի փոխանակում կամ հետ չի վերցնում, ապա սպառողը կարող է դիմել կամ Էկոնոմիկայի նախարարության սպառողների պաշտպանության եւ որակի տեսչություն, կամ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություն, կամ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առեւտրի եւ սպասարկումների բաժին:

Եթե էլիտար խանութների դեմքը այսպիսին է, ապա պատկերացրեք, թե ինչ վիճակ է տիրում հասարակ խանութներում եւ շուկաներում, չնայած ո՞վ իմանա, գուցե այնտեղ ավելի հանդուրժող են: Լրագրողների ձայնագրիչից եւ լոսանկարչական ապարատից  խորշելու փոխարեն` լավ կլիներ, մեր «էլիտարները» սովորեին հարգել սպառողների իրավունքները եւ ՀՀ-ում գործող օրենքները:

Պատրաստեց  Ինգա Մարտինյանը