Եթե գնված ոչ պարենային ապրանքը խանութը չի փոխանակում կամ հետ չի վերցնում, ապա սպառողը կարող է դիմել կամ Էկոնոմիկայի նախարարության սպառողների պաշտպանության եւ որակի տեսչություն, կամ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություն, կամ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առեւտրի եւ սպասարկումների բաժին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում հստակ նշված է պատշաճ եւ թերություն ունեցող ապրանքների վերադարձման կարգը. «Կարեւոր է այն, որ նույնիսկ եթե ապրանքը չունի թերություն, բայց ինչ-ինչ պատճառով սպառողը փոշմանել է, ապա կարող է վերադարձնել եւ խանութն էլ պարտավոր է հետ վերցնել»,- ասաց Արմեն Պողոսյանը` հավելելով, որ նման հոդված կա նաեւ Քաղաքացիական օրենսգրքում:

Սպառողը կարող է դիմել 14 օրյա ժամկետում բանավոր կամ գրավոր կարգով: «Վերադարձնելը վերջին կետն է, եթե  ապրանքը թերություն ունի, նախ պետք է թերությունը վերացնել, ապա` առաջարկել այլ ապրանք, իսկ եթե այդ երկուսը չի բավարարում սպառողին, ապա նա կարող է վերադարձնել եւ ստանալ գումարը»,- նշեց Արմեն Պողոսյանը:

NEWS.am-ի խմբագրություն շատ են ահազանգում քաղաքացիները եւ հայտնում, որ գնված ապրանքը չեն փոխանակում կամ հետ չեն վերցնում: «Բազմիցս այդ խնդրի առաջ եմ կանգնել, վերջերս «Արսաթ» խանութից շուրջ 30 հազար դրամի առեւտուր էի արել, նվերներ էի գնել հարազատներիս եւ ուղարկել էի մարզ, բայց մի երկու բան չէին հավանել: Հետ ուղարկեցին, տարա, ասացին, որ լավագույն դեպքում կարող են փոխանակել այլ ապրանքների հետ, իրենք գումար երբեք հետ չեն տալիս, քանի որ դա արդեն համարվում է վաճառված ապրանք եւ չեկ են տպել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արփին` հավելելով, որ  ինքը ստիպված եղավ գնել անկարեւոր եւ ոչ պետքական մի շարք ապրանքներ: Նա պատմեց, որ վերջերս նույն խնդրի առաջ էր կանգնել նաեւ «Ֆիրդուսի» շուկայի հարակից տարածքի խանութներից մեկից առեւտուր անելիս, մասնավորապես` հայրիկի համար տաբատ էր նվեր գնել, որը, սակայն, փոքր էր, եւ խանութը կրկին չվերադարձրեց գումարը, ստիպված փոխարենը վերցրեց ուրիշ տեսակի տաբատ:

Ամեն ամիս Սպառողների ասոցիացիան քաղաքացիներից 6-7 դիմում է ստանում`կապված գնված ապրանքի փոխանակման եւ վերադարձի խնդրի հետ: Օրինակ` նախորդ տարի  նրանք ստացել են մոտ 60-80 դիմում. «Փոքր բացառությամբ մեզ հաջողվում է այդ խնդիրը լուծել, առաջընթացը զգում եմ, ձեռնարկությունները, որոնք մի քիչ լուրջ են` բուդկայի մակարդակից բարձր, հաջողվում է նրանց հետ կապված խնդիրը լուծել»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Նշենք, որ ոչ պարենային ապրանքի փոխանակման եւ վերադարձի հետ կապված հարցերը կարգավորվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով, մասնավորապես հոդված 16 եւ 23, ինչպես նաեւ «Քաղաքացիական օրենսգրքի» հոդված 517-ով:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը