Սեւանի Հարսնաքար համալիրում հուլիսի 23-ին «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունն անցկացրել է Joyful volleyball ծրագիրը:

Հայաստանի եւ ԼՂՀ ազգային փոքրամասնությունների երիտասարդները իրենց ուժերն են չափել վոլեյբոլի սիրողական մրցախաղում:

Ըստ այդմ, հաղթող են ճանաչվել Իսրայելի թիմը (առաջին տեղ), ծրագրին աջակցող Red Bull էներգետիկ ըմպելիքի թիմը (երկրորդ տեղ), Ուկրաինայի թիմը (երրորդ տեղ), որոնք պարգեւատրվել են մեդալներով: Առաջին տեղը գրաված Իսրայելի թիմն արժանացել է նաեւ արձանիկի, որտեղ մարդը գնդակով հարվածում է: Մրցույթի 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ղարաբաղի թիմը:

Ծրագիրն իր մեջ պարունակում էր դինամիկա, էքստրիմ, առողջ մրցակցություն ու Beach party,  որի ընթացքում ծրագրի մասնակիցները լիցքաթափվեցին եւ զվարճացան:

Ըստ ծրագրին մասնակցող ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարների, ծրագիրը եւս մեկ անգամ միավորելով ազգային փոքրամասնություններին, ծառայեց իր նպատակին, քանի որ շատ կարեւոր է ոչ միայն շփումը, այլեւ փորձի փոխանակումը:

«Հայասա» կազմակերպության հիմնադիր-ղեկավարներ Սուրեն Մկրտչյանի ու Նարեկ Գեւորգյանի խոսքով, ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել ՀՀ եւ ԼՂՀ ազգային փոքրամասնությունների երիտասարդներին մեկ ընդհանուր հարկի տակ, ստեղծելով լայն ինֆորմացիոն եւ համընդհանուր դաշտ ներհամայնքային կյանքում:

Նշենք նաեւ, որ «Հայասա» կազմակերպության նպատակն է միավորել Հայաստանի ազգային փոքրամասնություններին, ինչպես նաեւ միջազգային մակարդակով նրանց զարգացումն ու ինտեգրումը: