Երաժշտական աշխարհը եւ Էմի Ուայնհաուսի երկրպագուները փոփ-սոուլ երգչուհու անսպասելի մահվան տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Բրիտանական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին, պնդում են, որ դա կարող է ինքնասպանություն լինել՝ թեեւ երգչուհին հետմահու գրություն չի թողել։ Շատ բժիշկներ հակված են թմրանյութերի չարաշահման վարկածին, քանի որ նա երկար ժամանակ բուժվում էր վերականգնողական կենտրոններում։

Միաժամանակ, ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել Էմի Ուայնհաուսի մերձավոր ընկերը, ում անունը չի նշվում։ Ինչպես հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Аргументы недели պարբերականը, ոստիկանների կարծիքով, հենց նա է երգչուհուն մահացու չափաբաժնով կոկաին տվել։

Նշենք, որ իր սկանդալային վարքով հայտնի բրիտանացի սոուլ-երգչուհի Էմի Ուայհաուսին Լոնդոնի իր տանը մահացած էին գտել հուլիսի 23-ին: