Թուրքիայի զինված ուժերում գեներալների թիվը 62-ով ավել է, քան թույլ է տալիս Թուրքիայի զինված ուժերի կանոնադրությամբ եւ 3 անգամ ավել, քան` ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայող գեներալների թիվը:

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝  Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պատրաստած զեկույցի մեջ աչքի ընկնող կետերից մեկը Թուրքիայում գեներալների թվի հետ կապված հատվածն էր։ Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերում նախատեսվում է ունենալ 301 գեներալ, սակայն ծառայության մեջ գտնվող գեներալները մնացել են զինված ուժերում, որի արդյունքում գեներալների թիվը հասել է 363-ի:

Նշվում է, որ աշխարհի տարբեր ճակատներում ռազմական գործողությունների մեջ գտնվող ԱՄՆ-ի գեներալները 3 անգամ պակաս են թուրք գեներալների թվի համեմատությամբ:

Զեկույցում նաեւ խորհուրդ է տրվում, որ «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» գործերով անցնող գեներալներին թոշակի ուղարկել:

Նշենք, որ օրեր առաջ թուրքական Sabah-ը նշել էր, թե Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը կազմում է 789 հազար՝ զբաղեցնելով աշխարհում 6-րդ եւ ՆԱՏՕ-ում՝ 2-րդ տեղը։

ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայում է 1 մնլ 490 հազար մարդ։