Հայաստանից  այլ երկրներ 2002-2007 թվականներին 205 հազար մարդ է մեկնել եւ այլեւս չի վերադարձել, որը մեր բնակչության 6,5-7 տոկոսն է կազմում: Այս մասին այսօր` հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա ներկայացրած տվյալների համաձայն` 2008թ 22-23 հազար մարդ ավել է մեկնել, քան վերադարձել, 2009թ այդ թիվը կազմել է 25.հազար, իսկ 2010թ` 29-30 հազար: Ռուբեն Եգանյանի խոսքով` հիմնականում մեկնում են 20-50 տարեկան անձինք, որի պատճառով խախտվում է բնակչության սեռատարիքային կազմը. «Ծնելիության 25-30 տոկոս նվազումը պայմանավորված է արտահոսքով»,- ասաց ժողորդագիրը, հավելելով, որ մեր երկրից ամենից շատ մեկնում են ՌԴ, քանի որ այդ երկիր գնալու համար վիզայի խնդիր չկա, մինչդեռ արեւմուտքի երկրներ  մեկնելիս մի շարք խնդիրներ են առաջանում:

Նրա կարծիքով` միգրացիայի պատճառները սոցիալ-տնտեսական են, իսկ գործոնները երկուսն են` աշխատանքային եւ սոցիալ-հոգեբանական: «Հիմնականում աշխատանքի պակասն է, կամ էլ ունեն աշխատանք, բայց դա հնարավորություն չի տալիս արժանավայել կյանք ապահովել»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Ինչ վերաբերում է արտագաղթ եւ միգրացիա տերմիններին, ապա ժողովրդագրի խոսքով` դրանք, ըստ էության, նույն բառերն են, բայց արտագաղթ տերմինը մեր ժողովրդի գիտակցության մեջ տխուր հուշեր է արթնացնում: Միգրացիա տերմինն իր մեջ ներառում է հասարակության բոլոր տեսակի տեղաշարժերը, այն լինում է էմիգրացիա, երբ մեկնում են երկրից եւ իմիգրացիա, երբ վերադառնում են:

Միգրացիան լինում է նաեւ մշտական եւ ժամանակավոր, իսկ ժամանակավորն իր հերթին լինում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ: Նրա խոսքով` միգրացիա է նաեւ այն, երբ մեկնում են գործուղման, հանգստի եւ այլն: Ռուբեն Եգանյանը նշեց, որ մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ ստանում են մի քանի աղբյուրներից: Առաջին աղբյուրը մարդահամարն է, երկրորդը` միգրացիայի ընթացիկ գնահատումը, երրորդը` սահմանահատումների տվյալները: Այս բոլոր աղբյուրները տրամադրում են քանակական տվյալներ, իսկ չորրորդ աղբյուրը` ընտրանքային հետազոտությունը տրամադրում է նաեւ որակական տվյալներ, վեր է հանում պատճառահետեւանքային կապերը, պայմանները եւ պատճառները: Ռուբեն Եգանյանի խոսքով`վերջին տիպի հետազոտությունը բավականին հաջողված է եւ ծախսատար, այն Հայաստանում վերջին անգամ անցկացվել է 2007-ին` ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի կողմից: