Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում հուլիսի 22-ին ՊՆ-ին պատկանող «Ուրալի» վթարից Երեւանի կենտրոնական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ թեթեւ կամ միջին ծանրության վնասվածքներ ստացած 10 զինծառայողները շարունակում են ապաքինվել: Այս մասին այսօր` հուլիսի 25-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Ինչ վերաբերում է ԱԻՆ-ի տարածած հազորդագրությանը, որտեղ նշված էր, որ վթարի հետեւանքով վիրավոր զինծառայողների թիվը ոչ թե 12 է, այլ` 19:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը նշեց, որ վթարի ենթարկված ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող զինծառայողներից Երեւանի կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել 12, իսկ մնացածը` տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:
«Նրանց վնասվածքները շատ թեթեւ էին, վիրակապ են դրել, հիմա արդեն դուրս են գրվել»,- ասաց Դավիթ Կարապետյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի մոտակայքում հուլիսի 22-ին, վթարի էր ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ՊՆ-ի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանաքով մահացել էր երկու զինծառայող, մի քանիսն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներ: Մահացած զինծառայողներն են «Ուրալի» վարորդ, պայմանագրային զինծառայող 40-ամյա Նորայր Ռազմիկի Հակոբյանը (Եղեգնաձորի զինկոմիսարիատ) եւ ժամկետային զինծառայող 20-ամյա Գեղամ Դավիթի Դավթյանը (Շահումյանի զինկոմիսարիատ):




























