Կորեայի Հանրապետությունը Հյուսիսային Կորեային կոչ է արել հետեւել ապամիջուկայնացման համաձայնագրերին, որոնք ավելի վաղ կնքվել են միջազգային հանրության կողմից։ Այս մասին երեքշաբթի, լրագրողների համար հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Կոչ ենք անում Հյուսիսային Կորեային հարգել Հարավային Կորեայի եւ միջազգային հանրության այլ անդամների հետ ստորագրված եւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված համաձայնագրերի ոգին»,- ընդգծել է նա։ «Կառավարությունը սերտորեն համագործակցում է համապատասխան երկրների եւ կազմակերպությունների հետ, ներառյալ ԱՄՆ-ը եւ ԱԷՄԳ-ն, շարունակում է հետեւել Փհենյանի գործունեությանը միջուկային եւ հրթիռային ոլորտներում»,- ավելացրել է պաշտոնյան։
Նա մեկնաբանել է հարավկորեական եւ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան վերսկսել է աշխատանքը Յոնբյոնի իր միջուկային համալիրում եւ կից կառույց է բարձրացնում այն շենքի մոտ, որտեղ գտնվում են իզոտոպների տրոհման ցենտրիֆուգները։ Միավորման նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ներկայում Հյուսիսային Կորեայի գործունեությունը Յոնբյոնում Սեուլին առանձնապես չի անհանգստացնում։ Նա հրաժարվել է որեւէ այլ լրացուցիչ մանրամասն հաղորդել։
Մարտի 5-ին Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Փհենյանի արվարձաններից Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այն թռել է մոտ 270 կիլոմետր, առավելագույն բարձրությունը 560 կիլոմետր էր։ Հյուսիսային Կորեայում նշել են, որ տարեսկզբից իններորդ հրթիռի արձակումը փորձարկում էր՝ կապված հետախուզական արբանյակի գործարկման հետ։





























