ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտոնատար անձինք մի շարք զրույցներ են անցկացրել Վաշինգտոնի տրամադրությանը իր կործանիչները հանձնելու Վարշավայի հայտարարությունից հետո: Այս մասին խոսել է վարչակազմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են ամուր մնալ՝ չնայած տարաձայնություններին, հայտնում է CNN-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային «Միգ» կործանիչների տրամադրումը առաջնահերթություն է մնում վարչակազմի համար նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց դրանք նախ իր բազային հանձնելու Լեհաստանի առաջարկը:

Թեեւ Սպիտակ տունը հանկարծակիի եկավ, երբ Լեհաստանը հրապարակավ հայտարարեց իր առաջարկի մասին, պաշտոնյաները չեն հավատում, որ այդ դրվագը բացառում է որեւէ համաձայնության ձեռքբերում, որը թույլ կտա ինքնաթիռները հասցնել Ուկրաինա:

Վարչակազմի ներկայացուցիչներից մեկն ասել է, թե ԱՄՆ-ին անհանգստացնում է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի բազայից դեպի Ուկրաինա թռիչքները կարող է որպես հարձակում մեկնաբանել:

Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ ինքնաթիռները Ուկրաինա հասցնելու նպատակով ճնշումը նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ մասին խնդրել է ամերիկացի օրենսդիրներին:

Մինչ այդ, ԱՄՆ պաշտոնյաները թերագնահատում էին «ՄիԳ» ինքնաթիռների տրամադրմամբ օգնության հեռանկարը։ Նրանք հայտարարել են, որ իրենք կենտրոնացած են անվտանգության աջակցության հիմնականում այլ ասպեկտների վրա, ներառյալ հակատանկային եւ հակաօդային հրթիռներ ուղարկելը: Ինքնաթիռները Ուկրաինա հասցնելու լոգիստիկ խնդիրները որոշ պաշտոնյաների համար անիրականանալի են թվում, եւ նրանք տարակուսում են, թե որքանով արդյունավետ կլինեն այդ ինքնաթիռները։

Սակայն Զելենսկու խնդրանքը, կարծես, փոխել է հաշվարկը: Թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները, այդ թվում՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը, աջակցությամբ են հանդես եկել:

Սա վարչակազմին այլ ելք չի թողել, քան հրապարակայնորեն աջակցել այդ գաղափարին, նույնիսկ եթե որոշ պաշտոնյաներ թերահավատորեն են վերաբերվում դրան: Կիրակի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է լեհ պաշտոնյաների հետ՝ ինքնաթիռները Ուկրաինային հանձնելու եւ դրանք ամերիկյան ինքնաթիռներով «լիցքավորելու» համար:

Վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները մնում են ամուր, եւ որ ԱՄՆ-ի լրացուցիչ օգնությունը շարունակում է Լեհաստանի միջոցով Ուկրաինա հասնել: