Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը հայտարարել է, թե հրաժարվում է ինքնակամ մասնակցել իր նկատմամբ ընթացող դատավարություններին: Չախալյանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ասված է.

«2009թ. հուլիսի 23-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբորս՝ Արմենի եւ իմ նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման դատալսումները:

Առ այսօր տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ դատավարությունը շարունակվում է տարվել նույն կոպիտ օրինախատումներով, որոնք առկա էին եւ առաջին ատյանի դատալսումների ժամանակ: Դատավարությունն ընթանում է առանց իմ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի, որին վրացական իշխանություններն անօրինական կերպով հրաժարվել են թույլ տալ իրականացնել իմ պաշտպանությունը։ Դատավորը անընդունելի հիմնավորումներով մերժում է պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, դատալսումների հայերեն թարգմանությունը տարվում է խիստ անպատշաճ կերպով, ինչի հետեւանքով ես հնարավորություն չունեմ լիարժեքորեն հետեւել դրանց ընթացքին, ինչպես նաեւ մասնակցել դրանց, այսինքն՝ իրականացնել օրենքներով ինձ վերապահված պաշտպանության ողջ իրավունքը»:

Նման պայմաններում, ըստ Չախալյանի, շարունակել մասնակցել դատավարությանը նշանակում է «իմ կամքին հակառակ օրինականացնել դատարանի դահլիճում տեղի ունեցող խայտառակ զավեշտախաղը: Ուստի, ես այլեւս հրաժարվում եմ կամովին մասնակցել դատական նիստերին»:

Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք" քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Ներկայումս Չախալյանը պահվում է Ռուսթավի քաղաքի թիվ 6 խիստ ռեժիմի գաղութում: