Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել են, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն Իսրայել կայցելի հաջորդ ամիս, սակայն դա, ըստ երեւույթին, անակնկալի է բերել Իսրայելի ԱԳՆ-ին, գրում է Times of Israel-ը։

Հերցոգը հայտնել է, որ սպասվում է Չավուշօղլուի եւ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հանդիպումը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք քննարկելու են երկու երկրներում դեսպանատներ բացելու հարցը։

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ ո՛չ Լապիդը, ո՛չ Իսրայելի ԱԳՆ-ն չեն իմացել այցի մասին։ Ըստ Channel 13-ի՝ Հերցոգի եւ Լապիդի վարչակազմները փորձում են շտկել թյուրիմացությունը: Լապիդի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ Չավուշօղլուն այցելելու ցանկություն է հայտնել, սակայն դեռ այց նախատեսված չէ։