Բաքու են տեղափոխվել Աֆղանստանում վթարի ենթարկված Silk Way ավիաընկերությանը պատկանող ԻԼ-76-ի անձնակազմի անդամների աճյունները:
Այդ մասին APA-ին հաղորդել է Silk Way ավիաընկերության տնօրենի խորհրդական, ավիավթարի պատճառների հետաքննման հանձնաժողովի անդամ Ադիլ Ղասիմովը:
Նրա խոսքով, ներկայումս օդանավի անձնակազմի անդամների աճյունները փորձաքննության նպատակով հանձնվել են առողջապահության համապատասխան կառույցներ: Փորձաքննության արդյունքում անձնակազմի ճանաչված անդամները զոհված կհամարվեն:
Անձնակազմի այն անդամները, որոնց հնարավոր չի լինի ճանաչել, կհամարվեն անհետ կորած:
Օդանավը վթարի է ենթարկվել հուլիսի 5-ին: Բաքու-Բահրամ /Քաբուլից դեպի հյուսիս տեղակայված ռազմական բազա/ չվերթով ընթացող օդանավում, ընդհանուր առմամբ, 18 տոննա բեռ կար: Ենթադրվում է, որ օդանավի անձնակազմի 9 անդամները` Ադրբեջանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ, զոհվել են: Օդանավը վարձակալել էր Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատարությունը:




























