Բյուրականում հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Բազե» երիտասարդական ճամբարի երկրորդ հերթափոխի բացումը։ Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանի 12 վարչական շրջաններից ժամանած մոտ 250 երիտասարդներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոյանը կարեւորել է վերջին տարիներին բավականին հաճախ անցկացվող համահայկական երիտասարդական հավաքները, ինչը համայն հայությանը համախմբելու նպատակ ունի։ «Աշխարհասփյուռ հայությանը համախմբելու առաքելությունը պետությանն է տրված, եւ յուրաքանչյուր տարի Հայաստանում կազմակերպվող համահայկական միջոցառումները, լինեն դրանք երիտասարդական, մարզական, մշակութային, գիտական, թե այլ ոլորտների, շատ կարեւոր են, քանի որ մենք պետք է մրցունակ լինենք ոչ միայն որպես պետություն, այլեւ որպես ազգ»,- նշել է խորհրդարանի փոխնախագահը։
Նշենք, որ «Բազե» ճամբարի երկրորդ հերթափոխը խորհրդանշում է ՀՀ պետական դրոշի կապույտ գույնը։ 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ հուլիսի 22-31-ը կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն Հայկական կարմիր խաչի ընկերության մասնագետների կողմից անցկացվող առաջին օգնության դասընթացներին։ Ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր եւ խաղեր։ Կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ, երիտասարդները կանցկացնեն նաեւ հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով լի հարուստ օրեր։
«Բազե» ճամբարն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։




























