Վրաստանի քաղաքացի Տանտա Լիպարտելիանիի ընտանիքը, ում աղջիկը կորել է հուլիսի 22-ին Նորվեգիայի Ուտեյա կղզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, օգնության խնդրանքով դիմել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

«Նրա ընկերները հետազոտել են ողջ տարածքը, անցել բոլոր դիահերձարաններով, սակայն աղջկաս չեն գտել: Ես չգիտեմ, գուցե նա հիվանդանոցում է, գուցե անտառում է պատսպարվել, գուցե ինչ-որ մեկի մոտ է թաքնվել: Ես խնդրում եմ նախագահին օգնել գտնել կենդանի, ինչ-որ մի տեղ կորած, իմ միակ աղջկան»,- նշված է կորած աղջկա մոր դիմումում:

Ընտանիքը չի բացառում, որ վրացուհուն պատանդ են վերցրել` կղզուց կորած 30 այլ երիտասարդների հետ միասին: «Ես կարծում եմ, որ ահաբեկիչը հանցակիցներ է ունեցել, որոնք կարող էին հափշտակել այդ մարդկանց, որպեսզի իշխանություններից որոշակի զիջումներ պահանջեն»,- կարծում է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կրկնակի ահաբեկչությունն իրականացել է Նորվեգիայում հուլիսի 22-ին: Սկզբում Օսլոյի կառավարական թաղամասում, որտեղ գտնվում է վարչապետի գրասենյակը, պայթել է պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան, իսկ մի քանի ժամ հետո, նորվեգական մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ուտեյա կղզում տեղակայված իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարում ոստիկանական համազգեստով տղամարդը գնդակահարել է դեռահասներին:

Ահաբեկիչը 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկն էր: Հուլիսի 25-ին Օսլոյում կայացել է դատարանի առաջին փակ նիստը: Բրեյվիկին մեղադրել են ահաբեկչության մեջ, սակայն նա հրաժարվել է իր կատարած գործողությունները հանցանք ճանաչել: Սակայն պայթյունի եւ գնդակոծության կազմակերպումը նա չի հերքել:

Նիստի ընթացքում Բրեյվիկն ասել է, որ նա «ուզում էր փրկել Նորվեգիան», ինչպես նաեւ պահպանել Եվրոպան «մուսուլմանական կլանումից»:

Նորվեգական ոստիկանությունը կրկնակի ահաբեկչության զոհերի մասին նոր տվյալներ է հրապարակել Ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը 76-է, այլ ոչ թե 93, ինչպես հաղորդել են ավելի վաղ: