Սեպտեմբերին Վարշավայում կկայանա ԵՄ «Արեւելյան համագործակցություն» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովը: Այդ մասին հուլիսի 25-ին Բաքվում հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ ասոցացված անդամակցության համաձայնության վերաբերյալ բանակցությունները հաջող կլինեն:

«Մեզ պետք է միավորեն միեւնույն սկզբունքները, միեւնույն կանոնները: Դա Արեւմուտքի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացման համար հատուկ նշանակություն ունի»,- ընգդծել է Լեհաստանի նախագահը:

Ալիեւը հույս է հայտնել, որ «Արեւելյան համագործակցությունը» «որոշակի իմաստ» կկրի:

«Եվ Եվրոպան, եւ Ադրբեջանը պետք է հստակ տեսնեն այդ ծրագրի իմաստը: Մենք ծրագրից որոշակի արդյունք ենք ակնկալում. Եվրոպայի եւ Ադրբեջանի կապերը պետք է ամրապնդվեն: Ադրբեջանի քաղաքացիներն իրենց վրա պետք է զգան այդ արդյունքները»,- Ալիեւի խոսքերն է մեջբերել Contact.az-ը:

«Արեւելյան համագործակցությունը» ԵՄ անդամակցություն չի նախատեսում, սակայն նախատեսում է վիզային ռեժիմի պարզեցում: Համաձայն ՀՀ ԱԳՆ հայտարարության, Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի վերաբերյալ բանակցությունները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին:

Ինչպես հունիսի 14-ին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Վիզային ռեժիմը կթեթեւացվի 16 կարգի քաղաքացիների համար»:

Նշենք, որ հունիսի 14-ին Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հաղորդել է, որ Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի հեշտացման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներում: