Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հուլիսի 26-ին այցելել է հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել նրա ստեղծագործական կյանքի տարբեր շրջանները ներառող հավաքածուներին:

ՀՀ նախագահը դիտել է նաեւ հուլիսի 15-ի բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված են 44 ստեղծագործություն: 

Տուն-թանգարանի տնօրեն Ռ. Սարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանը հետ զրույցում իրենք խոսելու են թանգարանի առկա խնդիրների մասին: Նրա խոսքով, իրենք ծրագրում են փոքր ինչ մեծացնել թանգարանի տարածքը: «Մեր գերագույն երազանքը թանգարանի 4-րդ հարկ ունենալն է: Ներկայիս սրահները շատ փոքր են եւ առանձին ցուցադրությունների ժամանակ ստիպված ենք լինում ապամոնտաժել հիմնական ցուցադրությունները»,- ասաց նա, հավելելով, որ տարածքն ընդլայնելուց հետո հնարավոր կլինի նաեւ Ռուսաստանից Հայաստան բերել Սարյանի այլ հավաքածուներ եւ ցուցադրել:

Նշենք, որ «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ 2012 թվականի ապրիլի 10-ը: Այդ ցուցահանդեսում ներկայացված են հայտնի դերասանուհիներ Արուս Ոսկանյանի, Հասմիկի, բանաստեղծուհիներ Աննա Ախմատովայի, Սիլվա Կապուտիկյանի, Սարյանի կնոջ` Լուսիկիի, հարսի` Գալինայի ու թոռնուհու նկարները: