Երեւանում այսօր` հուլիսի 26-ին Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ՀԱԿ-իշխանություն երկխոսության երկրորդ փուլը:
Բանակցություններն ընթանում են փակ դռների հետեւում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հայտնի է միայն, որ հանդիպումից հետո բանակցությունների մասնակիցները կշփվեն լրագրողների հետ:
Ավելի վաղ ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար ստեղծված կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության այսօրվա հանդիպման օրակարգում քննարկման նոր հարցեր չկան:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին, որից հետո Դավիթ Հարությունյանն ասել էր, որ այնտեղ կողմերը ներկայացրել էին իրենց մոտեցումները կապված երկխոսության հետագա ընթացքի հետ: Նա նաեւ նշել էր, որ երկխոսությունը քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու եւ համագործակցության հիմք է, թեեւ դա նաեւ չի նշանակում, որ կողմերի միջեւ հակասությունները վերանում են:
Հաջորդ հանդիպումն այսօր է` հուլիսի 26-ին` Կառավարության ընդունելությունների տանը:
Կոլաիցիայի աշխատանքային խմբում ընդգրկված են Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մելիգյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Վարդան Բոստանջյան (ԲՀԿ), Մհեր Շահգելդյան (ՕԵԿ) եւ Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ): ՀԱԿ-ի պատվիրակության կազմում են Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Վարդան Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը եւ Սամվել Աբրահամյան:




























