Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ եւ քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերն ու իրավիճակն Ուկրաինայում։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեացի քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցչին՝ Կիմ Ըն Հեին։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցը կայացել է երկուշաբթի եւ տեւել 15 րոպե։ Զրույցի ընթացքում կողմերը անհանգստություն են հայտնել Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների հետ կապված, պայմանավորվել են համագործակցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում, ընդգծել են ԱՄՆ-ի եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ջանքերին կոորդինացվելու անհրաժեշտությունը։ Յուն Սոկ Յոլը եւ Բորիս Ջոնսոնը դատապարտել են ռուսական հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ այն անվանելով «սպառնալիք ընդհանուր արժեքներին, գրոհ ազատության եւ դեմոկրատիայի դեմ ամբողջ աշխարհում»։
Քաղաքական գործիչները թվային եւ ռազմական ոլորտներում, ինչպես նաեւ արդյունաբերությունում երկկողմ համագործակցության ամրապնդման հույս են հայտնել։ Բրիտանիայի վարչապետը խոստացել է Հարավային Կորեայի նորընտիր նախագահին նվիրել Ուինսթոն Չերչիլի (1874-1965) ինքնակենսագրությունը, քանի որ Յուն Սոկ Յոլը ավելի վաղ ասել էր, որ պատկառանքով է վերաբերվում այդ պատմական անձնավորությանը, գրել է «Ռյոնհափ»-ը։





























