Audi-ն կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը «հսկայական խոչընդոտ» կլինի մատակարարման համաշխարհային շղթայի համար, հաղորդում է CNBC-ն:
«Մենք հսկայական միջամտություն կտեսնենք մատակարարման բոլոր շղթաներում՝ ոչ միայն չիպերի արտադրության մեջ, այլեւ միջազգային մատակարարման բոլոր շղթաներում,- ասել է ընկերության վաճառքի եւ շուկայավարման բաժնի ղեկավար Հիլդեգարդ Վորթմանը:- Դրա հետեւանքները հսկայական կլինեն մատակարարման հետ կապված ամբողջ իրավիճակի համար»:
Ամբողջ աշխարհում ավտոարտադրողները, այդ թվում՝ Audi-ն եւ դրա մայր ընկերությունը՝ Volkswagen-ը, փորձում են պահպանել կարեւոր մասերի մատակարարման շղթաները, ինչպիսիք են կիսահաղորդչային չիպերը եւ լարերի ժապավեն ամրակները: Նրանք նախազգուշացնում են, որ կոնֆլիկտը ծայրահեղ անորոշություն է ստեղծում ավտոմեքենաների արտադրության, վաճառքի եւ ֆինանսական կանխատեսումների մասով:
Թեեւ Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին է ընկնում գլոբալ ավտոմոբիլային արտադրության փոքր մասը, դրանք մատակարարում են հիմնական հումքը կիսահաղորդչային չիպերի արտադրության համար, որոնք ավելի քան մեկ տարի չեն բավականեցնում կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած խափանումների պատճառով: Ուկրաինան նաեւ լարերի ժապավեն ամրակների եւ այլ նյութերի հիմնական մատակարարն է, հիմնականում՝ եվրոպական ավտոարտադրողների համար:
Վորթմանն ասել է, որ, լարերի ժապավեն ապրակներից բացի, ավտոարտադրողը նաեւ նստատեղերի համար գործվածքներ է գնում երկրից:
Audi-ն հայտարարել է, որ ճշգրտում է արտադրությունը Հունգարիայի իր գործարանում՝ մատակարարման շղթայի խնդիրների պատճառով, հաղորդում է Reuters-ը: Մյուս ավտոարտադրողները, ինչպիսիք են Mercedes-Benz-ը եւ BMW-ն, հայտարարել են ճշգրտումների կամ արտադրության կրճատման մասին:
Վորթմանը հրաժարվել է կանխատեսել, թե ինչպես պատերազմը կազդի ընկերության վաճառքների վրա 2022 թվականին՝ պատճառաբանելով իրավիճակի անկայունությունը։
S&P Global Mobility-ն կրճատել է 2022 եւ 2023 թվականների համար մարդատար ավտոմեքենաների համաշխարհային արտադրության իր կանխատեսումները 2.6 միլիոն միավորով՝ մինչեւ 81.6 միլիոն միավոր՝ 2022 թվականին եւ 88.5 միլիոն միավոր՝ 2023 թվականին պատերազմի պատճառով:
S&P-ի տվյալներով՝ Ուկրաինայում արտադրվող ժապավեն ամրակների մոտ 45 տոկոսը սովորաբար արտահանվում է Գերմանիա եւ Լեհաստան, ինչը խոցելի է դարձնում գերմանական ավտոարտադրողներին։





























