Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհավորում է շախմատի Հայաստանի հավաքականի անդամներին փայլուն հաղթանակի առթիվ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունը դարձավ Հայաստանի հավաքականի աստեղային ժամը: Եվ անհատական եւ թիմային մակարդակում փայլուն խաղ ցուցադրելով ողջ մրցաշարի ընթացքում, Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չթողեց իր հակառակորդներին` այդ թվում շախմատային հսկաներ Ռուսաստանին, Չինաստանի, Ուկրաինային, Հնդկաստանին եւ արժանիորեն հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է մեր հավաքականին` գրոսմայստերներ Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, մարզիչ Արշակ Պետրոսյանին, ինչպես նաեւ ողջ հայ ժողովրդին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ:
Մեր շախմատիստների այս սխրանքի շնորհիվ Հայաստանը վերջնականապես մտավ շախմատային Օլիմպոս` օլիմպիական չեմպիոնի տիտղոսին ավելացնելով նաեւ աշխարհի չեմպիոնի դափնին»:



























