Լոնդոնում հուլիսի 26-ին կայացել է բրիտանացի երգչուհի Էմմի Ուայնհաուսի հուղարկավորությունը։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած մասնավոր արարողության ընթացքում աղոթքներ են կարդացել անգլերենով եւ եբրայերենով, հավաքվածների թվում եղել են երգչուհու ամենամոտ ընկերներն ու հարազատները՝ պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը, Քելլի Օզբորնը եւ երգչուհու նախկին ընկեր Ռեգ Թրեվիսը։ Ինչպես հայտնում են տաբլոիդները, Քելլի Օզբորնը մազերը հարդարած է եղել Էմմի Ուայնհաուսի ոճով։
Հրաժեշտի իր խոսքում երգչուհու հայրը՝ Միթչ Ուայնհաուսն ասել է. «Բարի գիշեր, իմ հրեշտակ, հանգիստ ննջիր։ Մայրիկն ու հայրիկը քեզ շատ են սիրում»: Այնուհետ ներկաները երգել են երգչուհու սիրելի՝ Քերոլ Քինգի՝ 40 տարի առաջ գրված So Far Away երգը։
Սկանդալներով հայտնի 27-ամյա սոուլ-երգչուհի Էմմի Ուայնհաուսին հուլիսի 23-ին մահացած են գտել հյուսիսային Լոնդոնում գտնվող իր բնակարանում:
Նույնիսկ դիահերձումից հետո հստակ պատասխան չկա, թե ինչից է մահացել երգչուհին: Մասնագետները պետք է հավելյալ տոքսիկոլոգիական փորձաքննություն կատարեն:
Բազմաթիվ բժիշկներ առավել հակված են այն կարծիքին, որ նա մահացել է թմրանյութերի չափից մեծ դոզայից, քանի որ երգչուհին երկար ժամանակ բուժվում էր վերականգնողական կենտրոններում: Հնարավոր է, որ երգչուհին մահացել է ուժեղ ալկոհոլային թունավորման պատճառով, սակայն դա նույնպես դեռ ապացուցված չէ:
Երգչուհուն համաշխարհային հռչակ է բերել նրա Back to Black ալբոմը։ 2008 թվականին այդ ալբոմի Rehab կոմպոզիցիայի համար Էմին 5 «Գրեմմի» էր ստացել։




























