Հարեւան պետություններին խորհուրդներ տալու փոխարեն, լավ կլիներ, որ Թուրքիան զբաղվեր սեփական գործերով եւ իր միջազգային պարտավորոթյունների կատարմամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գերատեսչության՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը դատապարտող հայտարարությունը։
«Հարեւան պետություններին համերաշխության եւ պատասխանատվության խորհուրդներ տալու փոխարեն, Թուրքիան կարող էր օրինակ ծառայել այդ հարցերում՝ լուծելով կիպրական եւ քրդական հարցերը; Հայաստանի ղեկավարին կոչ անելով աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Անկարան կարող էր ինքն այդ ուղղությամբ քայլ անել՝ վավերացնելով հայ-թուրքական արձանագրություները»,- նկատեց պատգամավորը։ Նա նաեւ թուրք դիվանագետներին հիշեցրեց, որ հայ ոչ մի սերնդի համար Արարատ լեռը «Աղրըդաղ», իսկ Արեւմտյան Հայաստանն Արեւելյան Անատոլիա չի դառնա։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի՞ Արեւմտյան Հայաստանը, ասել էր.
«Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել:Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը:
Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում եւ ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:
Այդ հայտարարությունը զայրացրել էր Անկարային, եւ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հուլիսի 26-ի հայտարարությունում նշվել էր, որ Անկարան խիստ դատապարտում է Սարգսյանի պատասխանը` այդ երկրի արեւելքը «օկուպացնելու» հարցին: Թուրքիան հայտարարել է, որ դա «շատ անպատասխանատու պահվածք է»` նման խորհուրդ տալ երիտասարդությանն ու ապագա սերնդին, ինչը կարող հանգեցնել երկու ժողովուրդների միջեւ թշնամանքի եւ ատելության գաղափարախոսության ձեւավորմանը:




























