Հայ ազգային կոնգրեսում որոշումներ կայացվում են կարծիքների համադրմամբ, եւ լուրերը, թե ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ինչ-ինչ տարաձայնություններ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարեց ինքը՝ Փաշինյանը, հուլիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, անհիմն են նաեւ այն խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է լքել ՀԱԿ-ի շարքերն ու անդամագրվել «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցությանը։ «Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն դա երբեք հնարավոր չէ։ Եւ դա այն պատճառով, որ իմ քաղաքական տունը ՀԱԿ-ն է»,- բացատրեց Փաշինյանը։

Ընդդիմադիր գործիչը նաեւ շեշտեց, որ հակառակ որոշ մարդկանց կողմից տարածվող խոսակցությունների, թե ՀԱԿ-ն աստիճանաբար փոշիանում է, իրենք, հակառակը, գնալով ավելի են ուժեղանում։ Որպես ասվածի վկայություն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին գրանցված քաղաքական փոփոխությունների 85 տոկոսը հետեւանք է ՀԱԿ-ի՝ մարտ-ապրիլ ամիսներին անցկացրած հանրահավաքների եւ ժողովրդական ճնշման։ «Իհարկե, քաղաքական իրավիճակի փոփոխությանը նպաստած հավելյալ այլ պատճառներ էլ կան, սակայն հիմնական առիթը ՀԱԿ-ի ծավալած գործունեությունն է»,- ամփոփեց նա։

Նշենք, որ վերջերս շրջանառովող լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ինչ-ինչ տարաձայնություններ կան, եւ որ Փաշինյանը պատրաստվում է հեռանալ ՀԱԿ-ից։