Ադրբեջանական լրատվամիջոցների համար սովորույթ է դարձել տեղեկություններ տարածել, թե իբր հայկական կողմից արձակած կրակի հետեւանքով զոհվել կամ վիրավորվել է ադրբեջանցի քաղաքացիական կամ զինվորական անձ: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկության կապակցությամբ, ըստ որի ադրբեջանական կողմում 22-ամյա կին է վիրավորվել:
«Ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ կանեին, եթե հրապարակեին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը, որն ամիս առ ամիս կտրուկ աճ է արձանագրում եւ պատճառում նորանոր վնասներ: Օրինակ, բոլորովին վերջերս` հուլիսի 26-ին, ժամը 18.20-ին Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Կարեն Ղուկասյանը (ծնված` 1976թ.) եւ Մանվել Վանեսյանը (ծնված` 1987թ.), գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետեւանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ:
Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է պատասխան գործողությունների դիմում: Եթե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով տուժում է Ադրբեջանի որեւէ քաղաքացի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: Ի դեպ, ադրբեջանական կողմը կարող է նաեւ դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»,- նշել է Կարապետյանը:




























