Հայ ժողովրդի հասցեին Իլհամ Ալիեւի՝ նախօրեին հնչեցրած արտահայտությունները հարիր չեն ոչ միայն երկրի ղեկավարին, այլեւ նորմալ մարդուն։ Լեհաստանի նախագահի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը։

«Լեռնային Ղարաբաղում նախագահական երեք ընտրություններ են տեղի ունեցել, եւ բոլոր երեք նախագահներն ընտրվել են ժողովրդի կողմից։ Նրանցից ոչ մեկն իշխանությունը ժառանգություն չի ստացել, եւ այդ պատճառով էլ, Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունները, ի տարբերություն իրենց ատելությունը թաքցնել անկարող հարեւան երկրի իշխանությունների, իրենց թույլ չեն տա վիրավորական հայտարարություններ անել։ Իսկ թույնով լցված մարդիկ ի վիճակի չեն ճիշտ որոշումներ կայացնել, դրա համար էլ նման իրավիճակում եվրոպական կառույցների աջակցությունը Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է»,- ընդգծեց Սարգսյանը։