Ղարաբաղյան հակամարտությունը ի հայտ է եկել Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետեւանքով: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով Կազանի եռակողմ հանդիպմանը, նա ընդգծեց, որ հայկական կողմը հաջողության հասնելու հույս ուներ, սակայն այդ սպասումները չարդարացան եւ տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար, թեեւ հաջողությունը մոտ էր:
«Բոլորը պետք է հարգեն ԼՂ ժողովրդի կողմից իր ճակատագիրն ազատորեն տնօրինելու , անվտանգ ապրելու եւ զարգանալու իրավունքը»,- ասաց Սերժ Սարգսյանն ու հավելեց, որ ժողովրդավարությունը գերագույն արժեք է:
«Եթե եվրոպական կառույցներն աջակցեն Ղարաբաղում ժողովրդավարության զարգացմանը, ապա մենք միայն ուրախ կլինենք, քանի որ Ղարաբաղն ընթանում այդ ուղղությամբ, որի վկայությունը այնտեղ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Ես Կազանի հանդիպումը ֆիասկո չէի անվանի, չնայած չարդարացված սպասումներին»,- նշեց ՀՀ նախագահը:
Միաժամանակ, նա ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է բարելավի մթնոլորտն իր երկրում եւ դադարի թունավորել սեփական ժողովրդի գիտակցությունը: «Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդների պահանջն է ղարաբաղյան խնդիրը կարգավորել միջազգային սկզբունքների եւ մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Հայկական կողմի պհանջները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Իր հերթին, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարեց, որ նման բարդ խնդիրների լուծման հարցում Վարշավան կողմնակից է տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների կիրառմանը: «Եվրոպայի միջամտությունը նման հարցերի լուծմանը Լեհաստանը հնարավոր է համարում միայն հակամարտությունների կարգավորումից հետո, եթե խոսքը գնում է տեխնիկական օժանդակությանը կամ այլ աջակցության»,- նշեց նա:




























