Թուրքական կողմը բավական ակտիվորեն մեկնաբանեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ վերջերս արած հայտարարությունը։ Ամենակտրուկն այդ առումով եղավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ընդ որում նրա խոսքերի կտրուկ լինելը պայմանավորված էր նաեւ նրանով, որ հայտարարությունն արվեց Ադրբեջանից։ Հուլիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Նրա կարծիքով, Հայաստանի ղեկավարի խոսքերը Թուրքիայում յուրովի են մեկնաբանել։ Նման սուր արձագանքը պայմանավորված է նաեւ թուրքական հասարակության մեջ տարածված այն կարծրատիպերով, թե հայերը խորամանկ եւ հեռատես են, եւ յուրաքանչյուր ձեռնարկման վերջնական արդյունքը Արեւմտյան Հայաստանի վերադարձն է։

Արտակ Շաքարյանը ենթադրեց, որ, հնարավոր է, Էրդողանին ցույց են տվել Սերժ Սարգսյանի հայտարարության ոչ ամբողջական տեքստը, այլ դրա մի հատվածը կամ դրա վերաբերյալ մեկնաբանություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի՞ Արեւմտյան Հայաստանը, ասել էր.

«Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն  ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել  ու՝ լավ կատարել:Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը»։