Իսրայելը կարող է մխիթարվել, որ միակ երկիրը չէ, որից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողության է սպասում. չորեքշաբթի նա նույնը պահանջել է նաեւ  Հայաստանից։ Այս մասին գրում է իսրայելական The Jerusalem Post-ը։

Թուրքական Today’s Zaman կայքը, հաղորդելով Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցի մասին, ներկայացնում է նրա այն խոսքը, ըստ որի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի` հայ աշակերտներին Թուրքիայի արեեւլյան հատվածը զավթելու կոչ անելու համար։

Ըստ այդմ, նշվում է, որ իր այդ հայտարարությամբ, Սերժ Սարգսյանը Հայաստանի երիտասարդությանը ուղորդում է դեպի «մթություն»: Թերթը մեջբերում է Էրդողանի խոսքերը. «Նման դիվանագիտություն լինել չի կարող: Սարգսյանը շատ լուրջ սխալ է արել... Նա պետք է ներողություն խնդրի»:

Այնուհետեւ «Ջերուսալեմ փոստը» հիշեցնում է, որ Հայաստանի հանդեպ Էրդողանի ներողության պահանջը մի քանի օր առաջ ներկայացվել է նաեւ Իսրայելին: Թերթը գրում է, որ օրերս Էրդողանը սպառնացել էր Իսրայելի դեմ գործադրել իր «Պլան Բ»-ն, այսինքն` էլ ավելի իջեցնել երկկողմ կապերի մակարդակը, եթե այդ երկիրը ներողություն չխնդրի անցած տարվա «Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Ջերուսալեմ Փոստ»-ը մեջբերել է անանուն իսրայելական դիվանագիտական աղբյուրի խոսքը. «Այն, ինչ մենք տեսնում ենք նոր վարքագծի զարգացում է»: Այնուհետեւ իսրայելցի դիվանագետը Թուրքիայի վարչապետին հեգնաբար հիշեցնում է իր երկրի արարքները. «Իսկ ո՞վ է Էրդողանին ստիպելու ներողություն խնդրել Թուրքիայի կողմից իրականացված Հյուսիսային Կիպրոսի օկուպացման համար»:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի՞ Արեւմտյան Հայաստանը, ասել էր.

«Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն  ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել  ու՝ լավ կատարել»։

Հայտարարություն ը առաջ էր բերել Թուրքիայի զայրույթը։ Համաձայն Today’s Zaman-ի՝ Էրդողանն ասել է, որ Սարգսյանի պահվածքը սադրանք է եւ փորձ՝ երիտասարդներին լցնել ատելությամբ։

«Նման դիվանագիտություն չի կարող լինել։ Սարգսյանը շատ լուրջ սխալ է թույլ տվել... Նա պետք է ներողություն խնդրի»,- ասել է Էրդողանը։