Հայ ազգային կոնգրեսը նախագահի թեկնածու չունի, եթե հայաստանյան իշխանությունները համաձայնեն հիմա արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար, ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ով նաեւ իշխանություններ հետ երկխոսող պատվիրակության անդամ է։

«Այնպես չէ, որ մենք արտահերթ նախագահական ընտրություների համար թեկնածու չունենք, մենք որեւէ թեկնածության առաջադրման կոնկրետ ծրագիր չունենք։ Ժողովուրդն ինքը կառաջադրի իր թեկնածուներին։ Մենք կոնկրետ թեկնածու չունենք»,- ասաց Խաչատրյանը։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ մի քանի քաղաքական ուժից կազմված ՀԱԿ-ը միանգամից մի քանի թեկնածություն առաջադրի, Խաչատրյանը նշեց. «Եթե ՀԱԿ-ի Քաղխորհուրդը որոշի, որ առաջադրում է որեւէ մեկի թեկնածությունը, եւ եթե թեկնածությանը սատարի մեծամասնությունը, ապա անգամ դժգոհ կուսակցությունները կաջակցեն այդ թեկնածությանը։ Եթե մեծամասնությունը կողմ արտահայտվի, կդրվի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»։