Երեւանի կենդանաբանական այգին հայտարարում է այգու կենդանիների մասին պատմող լուսանկարների մրցույթ:

Կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ մասնակիցները ազատ են թեմաներ ընտրելու հարցում. լուսանկարները կարող են պատմել մարդ-կենդանի փոխհարաբերության մասին, ներկայացնել այգու կենդանիների բարեկեցությանն առնչվող խնդիրները, կենդանիների բնական գեղեցկությունը եւ նույնիսկ հումորային իրավիճակներ:

Մրցույթի շրջանակում պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարիչների աշխատանքները կգնահատվեն իրարից անկախ: Նախապես դիմելու դեպքում (+374-10-562362) լուսանկարիչները նաեւ հնարավորություն կունենան որոշ կենդանիների լուսանկարել վանդակի ներսից:

Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 լուսանկար: Լավագուն լուսանկարները կցուցադրվեն Կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Ավելին, լուսանկարները կօգտագործվեն այգու հոբելյանական օրացույցում եւ կհրատարակվեն հատուկ գրքի տեսքով: Լավագույն լուսանկարը կպարգեւատրվի 100.000 դրամով: