Հայաստանում Orange-ն իր ծառայությունները կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 5-ին` առաջարկելով շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանից:

Orange-ն ազդարարում է իր մուտքը` ջերմորեն ողջունելով Հայաստանին եւ իր ապագա բաժանորդներին. այսօրվանից Orange-ն իր «բարև»-ն է հղում մայրաքաղաքի և մարզերի բնակիչներին ծառայությունների մեկնարկն ազդարարող պաստառների եւ հեռուստատեսային հոլովակի ուղեկցությամբ: Արդեն այսօր Orange-ի ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը www.orangearmenia.am ինտերնետային կայքում: Դրա համար անհրաժեշտ է միայն լրացնել առցանց դիմումը: Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը և դառնալ Orange-ի բաժանորդ Orange-ի բոլոր վաճառակետերում:

Հիշեցնենք, որ Orange-ը Հայաստանում շարժական կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա է ստացել 2008թ. նոյեմբերի 19–ին: