Երեւանում այսօր` հուլիսի 28-ին կայացել է «Արի տուն» 2011 թ. ծրագրի չորրորդ փուլի փակման արարողությունը, որին մասնակցել է փոխվարչապետ Արեմն Գեւորգյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից եւ նպատակ ունի սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստանը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքների կենցաղին:
Ծրագրին մասնակից երիտասարդներն ապրում են Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից ընտրված հյուրընկալ ընտանիքներում:
Փոխվարչապետը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը` նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրենց հայրենիքը, նպաստում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, եւ Սփյուռքում հայապահպանությանն ուղղված կարեւոր գործոն են հանդիսանում:
«Արի տուն» 2011 թ. ծրագիրը նախատեսում է Հայաստան բերել մինչեւ 800 երիտասարդի: Այս տարվա ծրագրով Հայաստան եկած երիտասարդները բնակվել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի հյուրընկալ ընտանիքներում եւ Երեւանում:
Ծրագրի այս փուլին մասնակցել է 173 երիտասարդ` աշխարհի 15 երկրներից:
«Արի տուն» 2011 թ. ծրագրի չորրորդ փուլի փակման արարողության ժամանակ սփյուռքահայ եւ հյուրընկալ ընտանիքների երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով:
Նշենք, որ թեեւ ծրագիրը կոչվում է «Արի տուն», սակայն այն հայրենադարձման խնդիր չի լուծում, ընդամենը հայ երիտասարդներին մի քանի շաբաթով հնարավորություն է տալիս լինել Հայաստանում, ապա վերադառնալ տուն` որը գտնվում է օտար երկրներում:




























