Այսօր Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձնագրությունները։ Դրանք խորհրդարանում կներկայացնի երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նշենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու արձանագրությունների վավերացմանը:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր, մեծությամբ առաջին ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը 544-տեղանոց Ազգային մեծ ժողովում ունի մոտ 23 տոկոս, պատրաստվում է դեմ քվեարկել արձանագրությունների վավերացմանը: Ընդդիմադիր մյուս ավելի փոքր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին որոշում կայացնելով` «անտեսել է եղբայրական Ադրբեջանի շահերը» եւ նշել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ գցել է Ադրբեջանին։
Չնայած դրան, վարչապետ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ունի բավարար ձայներ, եւ եթե այդ կուսակցության ներկայացուցիչները կողմ լինեն արձանագրություններին, ապա այն կվավերացվի:
Հիշեցնենք, որ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ արձանագրությունները կվավերացնեն միայն Թուրքիայի վավերացումից հետո:




























