Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը Referans թերթին հայտնել է, որ Թուրքիան ու Իրանը նախատեսում են միավորել իրենց ուժերը, որպեսզի ողջ սահմանի երկայնքով ստեղծեն օֆշորային գոտի: «Այն գոտին, որտեղ երկու երկրների ընկերությունները կկարողանան ազատ ռեժիմով ապրանքներ վաճառել, հնարավոր է տեղակայվի Իգդիր քաղաքի մոտ»,- ասել է Էրգունն ու հավելել, որ այդ համաձայնագիրը կարող կնքվել արդեն հաջորդ շաբաթ, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Թեհրան: Նրա խոսքով, Հայաստանն ու Սիրիան նույնպես կարող են ներառվել այդ նախագծում:
Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեյնփուրն իր հերթին ասել է, որ օֆշորային գոտին ստեղծվում է երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցելու նպատակով: Նրա խոսքով, Իրանն ու Թուրքիան նախատեսում են առաջիկա 5 տարում կրկնապատկել տարեկան ապրանքաշրջանառության ծավալը, որը 2008-ին կազմել է 10 միլիարդ դոլար: Նրանք մտադիր են նաեւ ցամաքային բեռնափոխադրումների վրայից հանել բոլոր սահմանափակումներն ու մաքսատուրքերը:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի Առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհատ Էրգյունը ժամանելով Վան՝ հայտնել է, որ Թուրքիա-Իրան-Իրաք սահամանկից գոտում ստեղծվելու է հզոր առեւտրատնտեսական գոտի, որը կդառնա Մերձավոր Արեւելքի ամենախոշոր տնտեսական բազան։ Նա նշել է, որ հնարավոր է այդ նախագծին մասնակցեն Հայաստանը եւ Ադրբեջանը։



























