Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որը նախատեսում է մինչեւ երեք տարվա ազատազրկում տնտեսական հետազոտողների համար, որոնք առանց երկրի վիճակագրական գործակալության նախնական հաստատման ցուցանիշների վերաբերյալ ոչ պաշտոնական տվյալներ են հրապարակում, հաղորդում է Bloomberg-ը:

Ռեջեփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ կուսակցությունն այս շաբաթ փորձել է առաջարկված օրենքը ներկայացնել խորհրդարան, սակայն հետաձգել է, քանի որ կուսակցության պաշտոնյաները վերանայում են փաստաթուղթը։ Այս մասին ասել են պաշտոնյաները, որոնք ցանկացել են անանուն մնալ։

Թուրքիան պայքարում է գների վերջին աճի դեմ այն ​​բանից հետո, երբ մարտին սպառողական գների ինֆլյացիայի մակարդակը հասել է 20-ամյա առավելագույնի՝ մարտին 6,1 տոկոս։

Թուրք սպառողները տուժել են գների արագ աճից՝ անցյալ տարի Էրդողանի գլխավորությամբ տոկոսադրույքների իջեցումից հետո, որը առաջացրել է արժութային ճգնաժամ, ինչի հետեւանքով լիրան հասել է ռեկորդային ցածր մակարդակի եւ սպառնալիք դարձել կառավարության համար՝ 2023թ․ ընտրությունների նախաշեմին։

Օրինագիծն արգելում է երկրի փորձագետներին հրապարակել որեւէ տվյալ ցանկացած հարթակում՝ առանց պետական ​​վիճակագրական ծառայության (TÜİK) հաստատման, որը երկու ամսվա ընթացքում կգնահատի մեթոդաբանությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Հունվարին TÜİK-ը բողոք է ներկայացրել ENAGroup-ի անկախ հետազոտողների դեմ, որոնք սկսել են հրապարակել իրենց տվյալները 2020թ․ սեպտեմբերին։

Երկրի վիճակագրական գործակալությունը ENAGgroup-ին մեղադրել է հաստատությունը «միտումնավոր վարկաբեկելու» եւ «հասարակությանը մոլորեցնելու» մեջ։

Մարտին ENAGroup-ի տարեկան գնաճը կազմել է 142,63 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է TÜİK-ի հրապարակած պաշտոնական ցուցանիշը։