Չայկովսկիի անվան XIV միջազգային մրցույթի հաղթող հայաստանցի Նարեկ Հախնազարյանը մոտակա տարիներին չի ծրագրել մշտական բնակություն հաստատել Հայաստանում, բայց հաճույքով կգա այստեղ, կնվագի, «մաստեր կլասներ» կանցկացնի: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Նարեկ Հախնազարյանը, ով հայտնի երաժիշտ Սուրեն Հախնազարյանի որդին է:

«Եկենք ռեալիստ լինենք, Հայաստանն առայժմ չի կարող ապահովել այն պայմանները, որոնք կան այլ երկրներում»,- ասաց նա:  Նարեկը բնակվում է Մոսկվայում, իսկ այժմ ծրագրել է տեղափոխվել Եվրոպա: Մրցույթում հաղթելուց հետո Նարեկի համար լայն հորիզոններ են բացվել, նա համերգներով հանդես է գալու Տոկիոյում, Լոնդոնում եւ Ռուսաստանի քաղաքներում:

Նարեկի խոսքով` Չայկովսկիի անվան թավջութակահարների միջազգային մրցույթը երաժիշտների համար նույնն է, ինչ մարզիկների համար` օլիմպիական խաղերը: «Եթե մյուս երաժիշտները ունեն տարբեր մրցույթներ, ապա թավջութակահարների համար սա միակն է»,- նշեց մրցույթում հաղթողը` հավելելով, որ մրցակցությունը բավական բարդ էր, որովհետեւ մասնակիցները բոլորը բարձրակարգ երաժիշտներ էին:

Նարեկ Հախնազարյանն անդրադարձել է նաեւ Չայկովսկիի միջազգային մրցույթում տեղի ունեցած հայտնի սկանդալին, երբ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը վիրավորել էր Նարեկ Հախնազարյանին` դիմելով նվագախմբին ասելով. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ:

Նարեկը նշեց, որ ցավալի է, որ Երեւանում շրջելիս իրեն ճանաչում են որպես ադ սկանդալի մասնակից, ոչ որպես միջազգային մրցույթի հաղթող. «Ռուսաստանում բոլորը վաղուց մոռացել են այդ մասին եւ ոչ ոք չի խոսում, իսկ այստեղ երեւի 5-10 տարի կխոսեն»,- ասաց Նարեկ Հախնազարյանը` հավելելով, որ եթե հաջորդ անգամ հարցազրույցների ժամանակ իրեն նորից հարցնեն այդ մասին, կդադարեցնի հարցազրույցը:

Հիշեցնենք, որ Չայկովսկիի անվան XIV միջազգային մրցույթի հաղթող է դարձել հայաստանցի Նարեկ Հախնազարյանը: Նա ստացել է ոսկե մեդալ եւ 20 հազար եվրո: Նարեկն արժանացել է նաեւ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Երկրորդ տեղն զբաղեցրել է Էդգար Մորոն` Ֆրանսիայից, երրորդ տեղը` Իվան Կարիզնան Բելառուսից` համապատասխանաբար 15 հազար եւ 10 հազար եվրո մրցանակով: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին թավջութակահարների փորձերի ժամանակ սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել: Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս արտահայտությունը վիրավորել է փորձին ներկա լրագրողներին, որոնց շնորհիվ այս պատմությունը մեծ արձագանք է ստացել: Արդյունքում Գորենշտեյնը ներողություն էր խնդրել իր արարքի համար: