ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Բարաք Օբամային հայտնել է 2024թ․ երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր ծրագրերի մասին, գրում է The Hill թերթը։
«Բայդենը ուզում է առաջադրվել, եւ նա հստակ հայտնում է բոլորին»,- ասել է Օբամայի եւ Բայդենի զրույցների բովանդակությանը ծանոթ աղբյուրը։ Աղբյուրը հավելել է, որ Բայդենը ուզնում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար՝ չնայած հավանության ոչ ամենաբարձր վարկանիշին, քանի որ նա մնում է Դեմոկրատական կուսակցությունից միակ թեկնածուն, որը կարող է հաղթել հանրապետական Դոնալդ Թրամփին։
Բայդենը դարձել է ամենատարեց նախագահը, որը պաշտոնը ստանձնել է 2021թ․ հունվարին՝ 78 տարեկան հասակում։ Եթե նա իրոք երկրորդ անգամ առաջադրվի եւ հաղթի ընտրություններում, ապա իր երկրորդ ժամկետի սկզբում կլինի 82 տարեկան: 4 տարի նախագահելու դեպքում Բայդենը մինչեւ 86 տարեկանը պետության ղեկավար կմնա։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները 2024թ․ նոյեմբերի 5-ին կլինեն։





























